Հոնքերի ձևավորում
Հոնքերի ձևավորումը կարևոր դեր է խաղում դիմահարդարման մեջ: Այն էապես փոխում է դեմքի արտահայտությունը: Թե ինչպիսին կլինի այն` բարի, զարմացած, թե մռայլ, որոշվում է հոնքերի ձևով: Դիմահարդարներն ասում են, եթե ուզում եք փոխել արտաքինը առանց պլաստիկ վիրահատության, ապա շտկեք հոնքերի ձևը: Բացի այդ հոնքերը ունեն նաև պաշտպանական ֆունկցիա: Նրանք մեր աչքերը պաշտպանում են քրտինքից և փոշուց: Այդ պատճառով նրանց խնամքը դառնում է էլ ավելի կարևոր: Հոնքերի ձևավոևումը տարբեր ժամանակներում տարբեր են եղել: Օրինակ 40-ականներին նորաձև էին համարվում գծանման հոնքերը, ավելի ուշ` կամարաձև թելանման հոնքերը, այնուհետև խիտ լայն հոնքերը, 20-րդ դարի վերջին նորաձև դարձան բնական հոնքերը. դրանք ասես գծված պետք է լինեն, առանց դուրս ցցված մազիկների: Ընդ որում դրանց գույնը պետք է լինի մեկ-երկու երանգ ավելի բաց, քան մազերինը: Ընդհանրապես գեղեցիկ են համարվում այն հոնքերը, որոնք խնամված են և բնականին մոտ: Այդ առումով շատ կարևոր է, որպեսզի հոնքերի ձևավորման ժամանակ հաշվի առնվի տվյալ հաճախորդի դեմքի ձևը և նրա տարիքային առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ չնայած գոյություն ունեցող հոնքերի ձևավորման որոշակի ձևերի և դասակարգումների, այնուամենայնիվ դրական արդյունքը հիմնականում պայմանավորված է ոչ թե նորաձևությանը կուրորեն հետևելու հանգամանքով, այլ դիմահարդարի նկարչական ընդունակություններից, այդ բազմազան ձևերից տվյալ դեմքին համապատասխանը ընտրելու կարողությունից: Հոնքերը ամենօրյա խնամքի կարիք ունեն: Չմոռանաք հատկապես քնելուց առաջ դեմքը մաքրելիս մաքրել նաև հոնքերը: Օգտակար է նաև սանրել հոնքերը գլխի մազերի նման, բայց նախ մազերի ուղղությանը հակառակ, հետո` նրանց ուղղությամբ: